Լոռու մարզպետը շնորհավորել է Երևանի քաղաքապետին
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Հայկ Մարության, Լոռու մարզի բնակիչների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և կարևոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:
Երևանի ավագանու այս ընտրությունը եկավ հաստատելու Նոր Հայաստանի որդեգրած ազնիվ քաղաքականության ճշմարտացիությունը՝ արժանանալով բնակիչների ճնշող մեծամասնության հավանությանը: Մեր հզոր նախնիներից ստացած հոգևոր լիցքերը փոխանցելու, նրանց մեջ և միմյանց նկատմամբ վստահություն, սեր ու հարգանք ներարկելու և ամբողջը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է շնորհվել Ձեզ, քանզի որպես թանկագին ավանդ, օրենքը Ձեզ հանձնել է երևանցիներին:
Սերը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն են լինելու այն հիմնաքարերը, որոնց վրա կշարունակի խարսխված մնալ 2800-ամյա Արևի քաղաքը: Շնորհավորում եմ նաև բոլոր երևանցիներին, ովքեր, մղվելով Թավշյա Հեղափոխության ազնիվ գաղափարների զսպանակից, Ձեր ջանքերին ու աշխատասիրությանն են գումարելու իրենց բարի կամքն ու նվիրական երազանքները: Այս ամենին հասնելու համար, վստահ եմ՝ կա նաև ավագանու իմաստնությունն ու ջանասիրությունը, որոնք, կոչված լինելով պաշտպանելու Երևանի ու երևանցու շահերը, կաշխատեն երկու հիմնական առաքելությամբ՝ մի կողմից Ձեզ համար դառնալով ամուր հենարան, մյուս կողմից՝ բանիմաց խորհրդատու:
Գրկաբաց քաղաքին բանալիներ հարկավոր չեն, այնպես ինչպես ազնիվ ու շիտակ մարդկանց տներն էլ իրենց հոգիների նման բաց են ու հյուրընկալ: Հենց այս բաց ու թափանցիկ աշխատանքն եմ մաղթում Ձեզ, ավագանու բոլոր անդամներին և շատ սիրելի երևանցիներին»: