Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած լուրին
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած լուրին և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Shamshyan.com կայքը երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել հետևյալ վերնագրով. «Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. դեսպանատան ծառայողները ոչ մի միջոց չեն ձեռնարկել մահացածի հարազատների վիշտը սփոփելու համար»։
Հայտնում ենք, որ վերոնշյալ հաղորդագրության մեջ դեսպանությանն առնչվող հատվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն, և դեսպանությունը պահանջում է հերքում։
Հոկտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանություն են դիմել հոկտեմբերի 8-ին մահացած քաղաքացի Սամվել Գևորգյանի բարեկամները։
Վրաստանում ՀՀ հյուպատոսը նրանց տրամադրել է իրավաբանի հեռախոսահամար և նշել, որ իրավաբանն անվճար (դեսպանության հաշվին) կկատարի խորհրդատվական ցանկացած աշխատանք՝ փաստաթղթային հարցերն արագ լուծելու համար, բացի այդ նրանց տրամադրվել է գործով զբաղվող քննիչի տվյալները։
Ապա դրա մասին տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով բարեկամներին հրավիրել է դեսպանություն՝ նրանց հետ հանդիպելու և ցանկացած հարցով օգնելու համար։
Սակայն բարեկամներն այդպես էլ չեն ժամանել դեսպանություն»,- գրված է հայտարարության մեջ։