Երևանի բնակիչները զգալու են փոփոխությունները միանգամից. քաղաքապետ
Երեւանի բնակիչները զգալու են փոփոխությունները միանգամից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երեւանի բնակիչները զգալու են փոփոխությունները միանգամից, խոսքը նրա մասին չէ, որ վաղը մենք կզարթնենք եւ տրանսպորտային համակարգը փոխված կլինի, կամ մյուսը, մյուսը, այլ կփոխվի աշխատանքի վերաբերմունքը, աշխատանքի ձեւը, ոճը եւ իրենց պահանջների եւ խնդիրների ընդունումը եւ ճիշտ ժամանակին պատասխանելը եւ անդրադառնալը լուծմանը, նաեւ լուծումները, դա միանգամից եք տեսնելու։ Իսկ գլոբալ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ այսօր, աղբահանության խնդիրն է, տրանսպորտը մենք սկսելու ենք լուծել եւ ընթացքն անպայման մեր քաղաքացիները կտեսնեն, նաեւ որոշ ժամանակ անց կիմանանք այն բոլոր սրոկերը, որ կունենանք ռեալ փոփոխություններ, որը կտեսնեն մեր բնակիչները»,-ասաց նա։
Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ իրենք անակնկալի չեն գա անձրեւների եւ ձյան սեզոնը սկսվելու հետ կապված եւ մայրաքաղաքում խնդիրներ չեն առաջանա։
«Նորից եմ կրկնում տարիներով այս չլուծած խնդիրները միգուցե մեկ-երկու ամսով չկարողանանք լուծել, դա շատ պարզ բան է եւ պատճառներից մեկն էլ նաեւ մեծ գումարների բացակայությունն է։ Եթե ինչ-որ մեկը լիներ, որ մեր քաղաքին նվիրեր շատ մեծ գումար, մենք անգամ վաղվանից այդ ամեն ինչը կկարողանայինք անել, սակայն մենք այստեղ երկու խնդիր ունենք, առաջինը՝ այդ գումարները հայթայթելը, եւ երկրորդը՝ վերականգնել այդ համակարգերը»,-ասաց նա։