Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի. ՀՔԾ պետ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննության կանչվել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ, որ այլևս չեմ պատասխանելու, թե ում ենք կանչել հարցաքննության և ում ենք պատրաստվում կանչել, խոստումս կպահեմ»,-շեշտեց նա:
Սասուն Խաչատրյանն ասաց, որ «Մարտի 1-ի» գործն ակտիվ փուլում է, կատարվում են քննչական գործողություններ:
Անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքին՝ Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է 2008թ-ին կաշառք տալուն օժանդակելուն:
Լրագրողները Սասուն Խաչատրյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք վերաբացվելու է «Հոկտեմբերի 27»-ի գործը:
«Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է նախաքննություն այն գործերի հետ կապված, որոնք գտնվում են մեր վարույթում, ՀՔԾ վարույթում նման գործ չկա»,- եզրափակեց նա: