Բուլղարիայում հարյուրավոր մարդիկ այցելել են օրեր առաջ սպանված լրագրող Վիկտորյա Մարինովայի հուղարկավորությանը
Նախորդ շաբաթ սպանված բուլղար լրագրողուհի և TVN տարածաշրջանային հեռուստաալիքի վարչական տնօրեն Վիկտորյա Մարինովային այսօր հուղարկավորել են Ռուսե քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով բուլղարական աղբյուրին, աղջկան վերջին հրաժեշտ տալու համար Սուրբ Երրորդության տաճար են այցելել հարյուրավոր մարդիկ՝ նրա հարազատները, ընկերները, գործընկերները և նրանք, որոնց անտարբեր չի թողել վերջինիս դաժան սպանությունը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովան սպանվել է հոկտեմբերի 6-ին Ռուսե քաղաքում: Հետաքննության վարկածով սպանությունը, հավանաբար, կապված է լրագրողական հետաքննության հետ, որը նա վարում էր: Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը:
Վերջին թեման, որի վրա նա աշխատում էր, Եվրամիության հիմնադրամների միջոցների յուրացման շուրջ ծագած սկանդալն էր:
Բուլղարական Nova հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության գործով կա նոր կասկածյալ, որին ձերբակալել են Գերմանիայի տարածքում, ուր նա փախել է: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ձերբակալված անձի ԴՆԹ-ն 100%-ով համընկնում է ԴՆԹ նմուշների հետ, որոնք հայտնաբերվել են հանցանքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցների վրա: