Երևանի նախկին քաղաքապետը չի նախանձում նոր քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա թիմին
Վահագն Խաչատրյանը Երեւանի ամենալուրջ խնդիրներից համարում է մայրաքաղաքի բնակֆոնդի վթարային վիճակը Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, որ Երեւանի կառավարման ղեկին եղել է 1992-1996 թվականներին, չի նախանձում նոր քաղաքապետ Հայկ Մարությանին եւ նրա թիմին, որն այսօր դառնալու է Երեւանի կառավարումն իրականացնողը:
Նրա խոսքով՝ այս թիմը շատ տխուր ժառանգություն է ստացել, քանի որ այդ համակարգում ամեն ինչ եղել է` գողություն, ավազակություն. «Հիմա էլ անօրինականությունները շարունակվում են, եւ մարդիկ, օգտվելով անիշխանության հանգամանքից, որ տեղական իշխանությունները չեն գործում, ոստիկանությունը հետեւողական չի, կամ իրենց չեն դիմում, մեկը ավտոտնակ է կառուցում, մյուսը շենքն է ավելացնում:
Եվ այն պահանջները, որոնք մենք ենք ներկայացնում, ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Այսինքն` պետք է Օպերայի հարցը լուծեն, Օղակաձեւ զբոսայգու հարցը լուծեն, անօրինական շինարարության հարց պետք է լուծվի, ի վերջո՝ կան այնպիսի խնդիրներ, որոնք միայն կաբինետում նստելով չի լինելու, պետք է գնան կոնկրետ խիստ միջոցներ կիրառեն, ինչ-որ կառույցներ պետք է քանդվեն»,- ասաց պարոն Խաչատրյանը` ամենամեծ խնդիրներից մեկը համարելով ամբողջ քաղաքի բնակելի ֆոնդի վտանգավոր վիճակը: «Երեւանի տնտեսության ամենակարեւոր մասը բնակֆոնդն է:
Այսօր բնակֆոնդը՝ տանիքից սկսած մինչեւ նկուղ, անմխիթար վիճակում է գտնվում: Աղբամուղ, մուտքեր, լուսավորություն, եւ ինքը՝ շենքը, վթարային վիճակում է գտնվում: Շենքը չի կարելի այդպիսի անմխիթար վիճակում թողնել: Մենք տեսնում ենք արտաքին խնդիրները` աղբահանություն, կանաչապատում եւ այլն, բայց կան այլ կարեւոր խնդիրներ: Ես չգիտեմ՝ մասնագիտական առումով որքանով է Երեւանի քաղաքապետարանն ունակ այդ հարցերը լուծելու»,- այսպիսի մտահոգություն է հայտնում Երեւանի նախկին քաղաքապետը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում