Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի եւ կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը, ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ եւ բազամակողմ ձեւաչափով Հայաստանի համագործակցությանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:
Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, վարչապետ Փաշինյանն ասել է, որ կառավարության գլխավոր խնդիրն է լինելու ստեղծել հնարավորություններ եւ այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:
«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան եւ կստեղծվեն եւ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին եւ այդ հարցը Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին, վարչապետն ասել , որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբեր ամսին: