Հեղափոխությունը հաջողված չի համարվի, եթե Հայաստանը չհասնի տնտեսական հեղափոխության. վարչապետ
Հայաստանում հեղափոխությունը հաջողված չի համարվի, եթե Հայաստանը չհասնի տնտեսական հեղափոխության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող տնտեսական ֆորումի փակման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով ֆորումին մասնակից գործարար հյուրերին, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել բիզնես գործունեություն իրականացնող անհատներին։
«Կառավարության նպատակներից մեկը Հայաստանը բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր դարձնելն է»,– նշեց նա։
Ելույթի ավարտին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց տնտեսական ֆորումի մասնակիցներին՝ նշելով. «Բարի գալուստ Հայաստան. իմացեք, որ դուք ունեք Հայաստանի կառավարության ամբողջական աջակցությունը ձեր նախաձեռնություններում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երեւանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին OIF տասնյակ երկրներից ավելի քան 400 հյուրեր, որտեղ գործարար շփման ժամանակ հիմնականում ֆրանսերենն է օգտագործվում:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երեւանում տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ 12-ին: Գագաթաժողովին մասնակցելու համար կժամանեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի եւ Բելգիայի վարչապետերը՝ Ջասթին Թրյուդոն եւ Շառլ Միշելը, ինչպես նաեւ տասնյակ երկրների բարձր մակարդակի պատվիրակությունները։