ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների ստորաբաժանումներն առաջին անգամ համատեղ պլանավորել ու անցկացրել են զորավարժություն Ղրղզստանի տարածքում
Ռուսաստանի և Ղրղզստանի զինված ուժերի համատեղ զորախմբի կիրառման պլանի ստորագրումից (2017 թվական) հետո ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների ստորաբաժանումներն առաջին անգամ համատեղ պլանավորել ու անցկացրել են զորավարժություն Ղրղզստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Լապինը (այս շրջանի մեջ են մտնում նաև Ղրղզստանում Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները)։
Զորավարժությանը, որն սկսվել է այսօր ու կտևի 3 օր, մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների բանակների զինծառայողներ, այդ թվում՝ Հայաստանից։ «Փոխգործակցություն-2018» զորավարժությանը ներգրավված է 1600 զինծառայող, հարյուրավոր միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունն անցկացվել է Հայաստանում։ Այստեղ նույնպես զորավարժությանը ներգրավվել է Ռուսաստանի ռազմաբազայի մասնակցությամբ գործող համատեղ զորախումբը։