Լոռու նորանշանակ մարզպետը Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետի գործունեության մեջ հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ է նկատում
Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործունեության մեջ հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ է նկատում։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում՝ խոսելով քաղաքապետի գործունեության եւ նախկինում հնչող դժգոհությունների մասին։
«Չեմ կարող ասել գերազանց, սակայն հեղափոխությունից հետո նկատվում են դրական փոփոխություններ»,–ասաց նորանշանակ մարզպետը՝ նկատի ունենալով Մամիկոն Ասլանյանի գործունեությունը։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետի ու իր համատեղ աշխատանքը, նա նշեց. «ՀՀԿ–ական քաղաքապետ կլինի թե այլ կուսակցության քաղաքապետ, ինքը եւ ես պետք է գործենք օրենքի սահմաններում եւ այդ պարագայում խնդիրներ չեն կարող առաջանալ»։
Հիշեցնենք, որ օրերս Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին խմբակցության հայտարարությունը: