Գեղարքունիքի մարզը, ամենամեծ մարզը լինելով, ունի նաև ամենաշատ խնդիրները. Գնել Սանոսյան
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը համոզված է՝ մինչեւ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելը բնապահպանության նախարարի տեղակալ աշխատելը եւ Սեւանի բնապահպանական խնդիրներին մանրամասն տեղյակ լինելը ավելի կօգնի մարզպետի կարգավիճակով նաեւ օգնել այդ խնդիրների լուծմանը։ Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում։
Մարզում լայն տարածում ունեցող արտագնա աշխատանքը, նրա կարծիքով ե՛ւ դրական ազդեցություն ունի, ե՛ւ կա նաեւ բացասական ազդեցություն, սակայն ինքն ու իր թիմը աշխատելու են այն կրճատելու ուղղությամբ, ինչպես նաեւ փորձելու են հասնել մարզի համաչափ զարգացմանը. «Գեղարքունիքի մարզը, ամենամեծ մարզը լինելով, ունի նաեւ ամենաշատ խնդիրները, նաեւ շրջանից շրջան տարբերություններն են շատ մեծ։ Այն շրջաններում, որտեղ արտագնա աշխատանքի պայմաններում բնակչությունը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրում ի հակադրություն այն շրջանների, ովքեր ավելի քիչ են դուրս գալիս արտագնա աշխատանքի, աղքատության բարձր ցուցանիշ կա։ Իհարկե, արտագնա աշխատանքը երկակի նշանակություն ունի՝ տնտեսական առումով ձեռնտու է, բայց ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են ընտանիքներից։ Կփորձենք լուծել մարզի համաչափ զարգացման խնդիրը։ Մարզում արտագնա աշխատանքի մեջ դրական բան կա, որ գնացողների առնվազն 90 տոկոսը հետ է գալիս, նրանց աշխատած գումարը հետ է գալիս մարզ։ Սակայն տարեցտարի փորձելու են նվազեցնել արտագնա աշխատողների քանակը»։
Հարցին, չի՞ խանգարի հանգամանքը, որ ինքը նույ ն մարզից է, ծանոթների ու բարեկամների հարց առաջ չի գա՞, մարզպետը ասաց. «Ինձ թվում է՝ մինչեւ հիմա մեր թիմակիցների աշխատանքով դուք դա տեսել եք, որ ծանոթների ու բարեկամների հանգամանքը չի խանգարում, նաեւ իմ օրինակով կտեսնեք։ Իմ ծանոթ–բարեկամ ընկերները շատ լավ կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտվել է, աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են աշխատել»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ մարզպետն առաջիկա ընտրությանը դերակատարում ունենալո՞ւ է, որին Գնել Սանոսյանը պատասխանեց. «Ինչպես բոլոր մարզերը, այնպես էլ մեր մարզը, որեւէ արտառոց տարբերություն չի լինելու»։
Նորանշանակ մարզպետը հավաստիացրեց՝ կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն, փոխմարզպետներն էլ հավանաբար կփոխվեն, սակայն մարզպետի կողմից գյուղապետերի վրա ճնշում չի լինելու։
Հարցին՝ մտահոգություն չունի նա, որ 2 ամսում չի հասցնի իրականացնել սկսված աշխատանքը, նա նշեց, որ եթե կարող է 2 օրում էլ օգուտ տալ մարզին, ապա պատրաստ է, սակայն նկատեց՝ «ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել»։