Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ. Սուրեն Պապիկյան
Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ։ Այս մասին հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եվ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ոչ պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնավարման հարցին։
«Պաշտոնյային, առավել ևս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ հետևություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից 40 հեկտարի հետ կապված կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց. «Շիրակի մարզպետի մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, և յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»։