Երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե երթեւեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ:
Ի պատասխան Օսիպյանն ասաց. «Երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության ու Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում, Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրանի Մեծի պողոտայում, Տիգրան Մեծից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում»: