Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով Ուրցաձորում էր (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով այսօր՝ հոկտեմբերի 9-ին, այցելել է Արարատի մարզի Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում են գյուղապետի հրաժարականը:
Դավիթ Սանասարյանը նախ լսեց գյուղացիների բողոքները, որից հետո առանձին հանդիպում ունեցավ գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, ով ներկայարցրեց իրենց կատարած աշխատանքը, փաստաթղթերը:
Գյուղապետը, մասնավորապես, ասաց. «Չի եղել մի տարի, որ համայնքի բյուջեից բացի կրկնակի ներդրում չբերեմ: Չի եղել մի ծրագիր, որ չկատարվի, չի եղել դիմում, որ մերժվի»,-ասաց նա՝ ներկայացնելով բոլոր իր կատարած աշխատանքները:
Նա նշել է, որ երբ իր դեմ սկսել են ցույցեր անել, ինքը բոլորիններս է հրավիրել, փորձել է բացատրություններ տալ, բայց գյուղացիները չեն ցանկացել լսել:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ որեւէ գնահատական չեն կարող տալ, քանի դեռ իր ասածները եւ փաստաթղթերը չեն ուսումնասիրվել:
«Ես ասել եմ` ես ընկեր եմ դարպասից դուրս, քավոր եմ դարպասից դուրս: Իմ կաբինետը 19 տարվա մեջ փակած չկամ, ես բանալի չունեմ: բոլոր բողոքողները անձնական խնդիրների համար են՝ ինձ հող չտվեց եւ այլն: Նման բան չկա: Գլխով պատասխան եմ տալիս իմ արածների համար: Ամեն ինչ արել եմ օրենքով»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը գյուղապետի հետ հանդիպումից հետո ակտիվիստներին ասաց, որ իրենք ուսումնասիրություն կանեն. «Մենք նորից հանդիպելու ենք այստեղ, այն ամենը, ինչ անում ենք, ուզում եմ մնա սիրո եւ հանդուրժողականության տրամաբանության ներքո: Իրավական ճանապարհով այդ խնդիրները կարգավորելու են»: