Իմ երեխաները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ․ Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, շատ կարևոր է համարում Բաղրամյան 26-ի ու Ազգային ժողովի այգիների հասանելիությունը քաղաքացիների համար։ Նա «Ազատություն» ՌԿ-ի Facebook-ի ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքը մեկ անգամ չէ, որ մտածել է այս խնդրի մասին։
«Հատկապես ԱԺ այգին բացելու մասին մտածել եմ, երբ ամուսնուս պատգամավոր եղած ժամանակ զբոսնեցինք այգով։ Հիասքանց այգի է, հատկապես, որ երեխաները մայրաքաղաքի ծխից ու վտանգավոր արտանետումներից կարող են իրեն թոքերը մաքրել եղևնիների մաքուր օդով։ Ես սպասում էի այս օրվան, շատ հպարտ եմ, որ իմ ամուսնու ձեռքով տեղի ունեցավ»,- ասաց նա։
Օգտատերերից մեկն էլ Աննա Հակոբյանից հետաքրքրվել էր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստելու հետ կապված և հարցրել՝ արդյո՞ք Աննա Հակոբյանն իր երեխաներին կպատվաստի այդ վիրուսի դեմ։
«Կպատվաստեմ, քանի որ նաև աշխատանքի բերումով բազմիցս ուսումնասիրել ու թերթում հոդվածներ ենք հրապարակել առողջապահության ոլորտի հետ կապված։ Արձանագրել ենք, որ այդ ոլորտի մասնագետները բարձրակարգ են ու ես վստահում եմ նրանց։ Իմ երեխաները կպատվաստվեն»,- պատասխանեց Աննա Հակոբյանը։
Վարչապետի կինը խոսեց նաև Արցախի կատարած այցի մասին, որից հետո «Կանայք հանուն խաղաղության» մասնակիցները հայտնվեցին Ադրբեջանի «սև» ցուցակում։ Հակոբյանը կարծում է, որ «սև» ցուցակում հայտնվելը այդ կանանց չի կաշկանդի, որպեսզի իրենց պայմանավորվածությունը հասցնեն սահմանից այն կողմ։
«Այդ կանայք արդեն Ղարաբաղից վերադառնալու ճանապարհին շատ ինտենսիվ քննարկում էին, թե ինչ գործողություններ պետք է անեն վերադառնալու հետո, իրենք քայլերն էին փորձում հասկանալ, շատ էին ցանկանում, որ կարողանան իրականացնել այդ նպատակները:
Կարծում եմ՝ իրենք իրենցից կախված ամեն ինչ կանեն, որ դա իրականության դառնա, իհարկե, նաև գիտենք, թե հակառակ կողմն ինչ դիրքորոշում ունի, այնպես որ, ամեն ինչ ընթացքը ցույց կտա»,- նշեց Հակոբյանը։
Հակոբյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ խաղաղարար մտքեր ասելուց առաջ պետք է համաձայնեցնի այս կամ այն գերատեսչության հետ։ Ըստ նրա՝ «Կանայք հանուն խաղաղության» գաղափարը հանրության լայն շրջանակի կողմից աջակցություն ունի։