Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր համայնք (ուղիղ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր համայնք և Facebook-ի ուղիղ եթերում կապ հաստատել: Բանն այն է, որ համայնքում շարունակվում եմ բողոքի ակցիաները համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով:
Գյուղապետի գործունեությանը դեմ արտահայտվողները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում գտնվելիս բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին հայտնել են, որ իրենց պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ և չեն նահանջելու: Դավիթ Սանասարյանը հանդիպել է նաև անձամբ գյուղապետի հետ:
«Չի եղել մի տարի, որ համայնքի բյուջեի կատարողականը թերի լինի և ես կրկնակի ներդրում արած չլինեմ»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ կարող է ստացած պատվոգրերը ցույց տալ:
Դավիթ Սանասարյանն ասել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրի համայնքապետարանի ու համայնքապետի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:
«Ես ուզում եմ, որ բոլոր հարցերը դրվեն սեղանին, և գյուղացիները տեղյակ լինեն՝ ինչն ինչպես է եղել: Աշխատենք թափանցիկ»,- ասել է Սանասարյանը: