Եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին. Արթուր Հովհաննիսյան
Կառավարության ծրագիրը հստակ ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նվազագույն ժամկետ սահմանված չէ. հետևաբար, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ ստեղծված ճգնաժամի լավագույն լուծումներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումն է. «Կլինի դեկտեմբերին, թե մի փոքր ուշ՝ քննարկման հարցեր են»:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մինչև դեպտեմբեր հնարավոր կլինի նորմալ ընտրություններ կազմակերպել, փոխնախարարը պատասխանեց. «Երբ նոր իշխանությունը ձևավորվեց, արդեն կար պլանավորումը, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ: Այդ գաղափարը նոր չի, այնպես չի, որ ցայտնոտի մեջ ենք հայտնվում: Ցայտնոտ չկա, ժամանակ կա: Նույնիսկ եթե դեկտեմբերին էլ անցկացվի, կարծում եմ՝ բավականին ժամանակ կա նախապատրաստվելու ընտրություններին: Տեխնիկապես դա հնարավոր է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում եմ՝ պատրաստ է»:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ծանոթ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին. «Այն թարգմանվել է և շուտով կուղարկվի Վենետիկի հանձնաժողով»: