ԱՄԷ-ի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով. ԱՄԷ-ի պետնախարար
Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն նախարարների համաժողովը: Նիստին մասնակցել է նաև ԱՄԷ-ի պետնախարարը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ իր երկրի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով, մասնավորապես նրանց հետաքրքրում են գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները: Զաքի Նուսեյբեի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն:
«Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության ու ժողովրդի հյուրընկալությունը: Արդեն 20 տարի է, ինչ ԱՄԷ-ի ու Հայաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ևս զարգացած է: Մենք շարունակում ենք բացահայտել մեզ համար Հայաստանը: Մենք կարծում ենք, որ մեծ պոտենցիալ կա՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Իմ ընկերներից մեկը, երբ առաջին անգամ եկել էր Հայաստան, ինձ պատմեց՝ հենց մեր կողքին մի իսկական Շվեյցարիա կա: Մեր երկրի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներով և պատրաստ են ներդրումներ կատարել: Հայաստանում կան աննկարագրելի լեռներ, Սևանա լիճ և այլն: Պետք է միայն բացահայտել դրանք»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ ֆրանսերենը շատ կարևոր լեզու է, քանի որ այն ներկայացնում է տարբեր մշակույթների երկխոսությունը:
«Ֆրանսերենը նաև խաղաղության երկխոսություն է: Մենք սերտ ու խորացված հարաբերություններ ունենք ֆրանկոֆոն գրեթե բոլոր երկրների հետ: Մոտ 60 հազար երեխա այսօր ֆրանսերեն է սովորում Արաբական Միացյալ Էմիրությունների դպրոցներում: Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ մեր երկրում աշխատում են ֆրանկոֆոն միլիոնավոր մարդիկ՝ տարբեր ազգային պատկանելության»,- նշեց Զաքի Նուսեյբեն: