Ն. Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում. վարչապետի խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում:
Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի արդյունք են որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:
«Ինձ թվում է՝ իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է՝ կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- ընդգծեց Արման Եղոյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ: