Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Ողջունելով տիկին Տեմբոնին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ հետևողականորեն զարգանում է կառուցողական և դրական մթնոլորտում:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման ու դրա կապակցությամբ երկրում տիրող տոնական մթնոլորտի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է, իսկ ծրագրերի ամենակարևոր շահառուն հայ ժողովուրդն է: