Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի համար կարևոր ուղղություն է աֆրիկյան երկրների հետ կապերի ամրապնդումը.ԱԳ նախարար
Ես շատ հպարտ եմ, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, ապահովվեց քաղաքական կամքը՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների նիստին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի համար կարեւոր ուղղություն է աֆրիկյան երկրների հետ կապերի ամրապնդումը. «Այստեղ համագործակցության թեմաներն ու ոգին շատ լավն են եւ օգտակար են որպես հարթակ օգտագործելու համար, որպեսզի եւ՛ մենք ճանաչելի դառնանք Աֆրիկայում, եւ՛ ուսումնասիրենք այն հնարավորությունները, որտեղ մենք, որպես շուկա, կարող ենք ներխուժել: Ֆրանկոֆոնիան առիթ է մեզ համար, թե՛ աֆրիկյան մայրցամաքում ավելի աշխուժություն դրսեւորելու, թե՛ ներկա լինելու մայրցամաքում եւ աշխատելու բոլոր աֆրիկյան երկրների հետ»,-ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ այս գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատուների ցանկի ստեղծումը. «Սա կոնկրետ արդյունք է, բայց ցանցը ցանց կմնա, եթե չկարողանանք ավելի կոնկրետ համագործակցություն ի հայտ բերել»:
Հարցին, թե արդյոք գագաթնաժողովի ընթացքում Արցախյան հիմնախնդրի մասին զեկույց-բանաձեւ լինելու է, նա պատասխանեց. «Կա 6 բանաձեւ, մի բանաձեւը վերաբերում է նման քաղաքական հարցերին, եւ այնտեղ կտեսնեք ձեւակերպում»,- ասաց նա: