Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցում դեռ չի եղել. ՔԿ նախագահ
Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` արդյո՞ք Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կատարել է իր խոստումը՝ ԱՀ նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին մեղադրանքի առաջադրումից հետո դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք արել մեղադրանքում նշված գումարը:
«Մենք որևէ գործով երբեք չենք արգելել պատճառած վնասը վերականգնել, հակառակը, դա ողջունելի է: Առայժմ վերականգնման փաստ չունենք, կարծում եմ` քննության արդյունքներին են երևի սպասում, քանի որ քննությունը դեռ ընթացքում է, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Ֆինանսատնտեսական բնույթի գործերով փորձագիտական եզրակացությունները շուտ չեն ստացվում»,- ասաց նա:
Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ ինքը լսել է տվյալ հայտարարությունը, կարծում է, որ այն ողջունելի է: ՔԿ ղեկավարը նշեց` ընդհանրապես քրեական գործերի ընթացքն այնպիսին է, որ ձեռք են բերվում ապացույցներ, համակցություն, որ վկայում էն այս կամ այն չափի վնասի մասին, և կողմի իրավունքն է վերականգնե՞լ այդ վնասը, թե՞ ոչ: Վնասի վերականգնումը, ըստ ՔԿ ղեկավարի, բխում է տվյալ անձի շահերից, քանի որ դատարանում դա կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք:
«Դա նախաքննության շահերից չի բխում, այլ իրենց շահերից»,- նշեց Գրիգորյանը: