Հայտնի ձայնագրության վերաբերյալ գործը Քննչական կոմիտեի վարույթում է, կատարվել և կատարվում են քննչական և դատավարական գործողություններ. ՔԿ նախագահ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ձայնագրության վերաբերյալ գործը Քննչական կոմիտեի վարույթում է, կատարվել եւ կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ գործը բացահայտելու համար եւ գործի առանձնահատկությունից ելնելով ճիշտ չէ մանրամասների հրապարակումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Հարցին, թե հարցաքննվե՞լ է արդյոք վարչապետը կամ կա որեւէ անձ, որը դատավարական կարգավիճակ ունի, ում անունը հնչում է ձայնագրությունում, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու Ֆրանկոֆոնիայի միջոցառումը` մենք դրանից հետո կանդրադառնանք այդ հարցերին։ Եվս մեկ անգամ նշեմ, որ, ելնելով նախաքննության գաղտնիությունից, ճիշտ չէ ասել, թե ովքեր են հարցաքննվել, ինչ ցուցմունք են տվել եւ այլն։ Իսկ հարցաքննվողների շրջանակը, բնականաբար պարզ է, քննչական գործողությունների պլանը գծվում է նախաքննության առաջին երեք օրվա ընթացքում»։
Նա ընդգծեց, որ գործի նախաքննության համար միջազգային կառույցների դիմելու, միջազգային փորձագետներ հրավիրելու անհրաժեշտություն չկա. «Չեմ կարծում, որ մեր մասնագետները բավարար գիտելիքներ չունեն»։