ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը հենց հանրության պահանջն է. Լենա Նազարյան
Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանեց իրենից առաջ ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրած Սպարտակ Սեյրանյանի այն խոսքերին, որ իրենք որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։
«Ես էլ իրենցից հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու պետք է լինի հունվարին, մայիսին կամ այլ ժամանակ։ Որևէ բացատրություն իրենցից ես էլ չեմ լսել», – նշեց Նազարյանը։
Լրագրողները նրան հիշեցրին, որ այդ քաղաքական ուժերի ասածն ընտրական օրենսգրքի փոփոխություններն անելն է մինչև ընտրությունների անցկացումը, ինչպես նաև սուպերվարչապետական համակարգից հրաժարվելը։
«Շատ լավ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները բավարար են, որ ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովում քննարկվի … 15 օր հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,-նշեց Նազարյանը:
Պատգամավորը նշեց, որ ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրենց մղումը պայմանավորված է նրանով, որ Ազգային ժողովի ու հանրության միջև կա խզում՝ խորհրդարանն այլևս չի ներկայացնում հանրության քաղաքական կողմնորոշումները և տրամադրությունները։ Նազարյանի խոսքով՝ դեկտեմբերին անցկացնելը հենց հանրության պահանջն է։