2018 թվականի 9 ամիսներին քննիչների վարույթում քննվել է 19 հազար 521 քրեական գործ.Հայկ Գրիգորյան
«2018 թվականի 9 ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված, քննիչների վարույթում քննվել է 19 հազար 521 քրեական գործ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման 100-րդ օրը, նշել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 հազար 105-ով, կամ 26.6 տոկոսով. «Ընդ որում, գործերի 41 տոկոսը բաժին է ընկել 2018 հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածին»:
Նա ընդգծեց, որ մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ երկրներում:
«Քննչական կոմիտեի շուրջ 30 քննիչ գործուղվել է այլ մարմիններ՝ ՀՔԾ, ԱԱԾ: Քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում աշխատանքի բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլեւ աճել: Ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2 հազար 347-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6 հազար 390 քրեական գործով, որից 34.1 տոկոսն ավարտվել է երրորդ եռամսյակում:
Այս տվյալները վկայում են, որ Քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայում հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու նախաքննությունն՝ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին»,-ասաց Հայկ Գրիգորյանը: