Վարչապետը անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքին, մասնավորապես, այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ական պատգամավորները բարձրացրել են Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկություններ:
«Եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ իրենք նույնպես պետք է նայեն իրենց և դադարեն ստեր տարածել ՀՀ-ում իրավիճակի մասին: Ես ասեմ,որ ՀՀԿ-ական պատգամավորներին, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա ևս մեկ փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրութուններ տեղի ունենան:
«ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունն ըստ էության ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը: Եվ նրանց ասածներին լուրջ չպետք է վերաբերվել: Համենայնդեպս, երբ որ համազեկուցողները կժամանեն ՀՀ, կարծում ենք, որ իրենց շատ բան ասելու անհրաժեշտութուն չենք ունենա: Կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, շփվեք լրագրողների, ՀԿ-ների հետ: Մենք չենք պատրաստվում որևէ հակափաստարկ բերել, իրենք մոնիթորինգ պիտի անեն, թող գան ՀՀ-ում ամեն ինչ մոնիթորինգ անեն»,- ասաց նա: