Այսքան ժամանակ չեն տեսել որևէ քաղաքական հիմնավորում, թե ինչու արտահերթ ընտրությունները պետք է կայանան հենց դեկտեմբերին. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)
«Այն բոլոր փաստարկները, որոնք բերվում են առ այն, որ մարդիկ գիշերները չեն կարողանում քնել, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություն չի եղել, որ մարդիկ, չգիտեմ, պարկերով փողերով սպասում են, թե երբ պիտի արտահերթ ընտրություններ տեղի ունենան, որպեսզի ներդրում անեն, կամ ինչպես սփյուռքի նախարարն է ասում՝ սփյուռքահայերը սպասում են, արդեն տները գտել են, ընտրել են, տերերի հետ էլ պայմանավորվել են, բայց բնակարաններ չեն գնում, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կայացել … Ես հուսամ՝ չեն շարունակի այս տրամաբանությունը՝ ասելով, որ կովերի կաթնատվությունը, բերքատվությունը, ձյան քանակը, ամռան շոգերը և այլն նույնպես կախված են խորհրդարանական ընտրություններից», – այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։
Պատգամավորն այս կատակային տոնից անցավ լուրջ խոսքերի ու ասաց, որ իրենք այսքան ժամանակ չեն տեսել որևէ քաղաքական հիմնավորում, թե ինչու արտահերթ ընտրությունները պետք է կայանան հենց դեկտեմբերին, և ոչ ասենք՝ հունվարին։
«Եթե ինձ կարողանան հոդաբաշխ, տրամաբանված, բայց ոչ թե կամակոր երեխայի նման, որ «չէ, ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ», … եթե այս տրամաբանությունից դուրս որևէ այլ հիմնավորում լիներ, ես մեծ հաճույքով դրանք կլսեի, կքննարկեի, կփորձեի հասկանալ՝ դրա տրամաբանությունն ինչումն է կայանում», – նշեց Սեյրանյանը։
Պատգամավորը հավելեց, որ «ձայն բազմաց, ձայն Աստծո», և եթե ամբողջ հասարակությունը գտնում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը կարող է լինել արտահերթ ընտրությունները երկու շաբաթ ուշ անցկացնելը, ապա դրանք կարելի է նաև երկու շաբաթ շուտ անել։