Բացառված է, որ Հայաստանում որևէ անմեղ քաղաքացի քաղաքական կամ այլ դրդապատճառներով ենթարկվի պատժի. Նիկոլ Փաշինյան
Բացառված է, որ Հայաստանում որևէ անմեղ քաղաքացի քաղաքական կամ այլ դրդապատճառներով ենթարկվի պատժի, այսօր Քննչական կոմիտեի աշխատողին նվիրված հանդիսավոր նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրավապահ համակարգը հանրության հետ հարաբերությունների բարդ շրջան է անցել, և հույս կա, որ բոլորովին նոր փուլ ենք թևակոխում, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս են փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ:
«Ես պրոբլեմ եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա առաջին և ամենակարևոր նախապայմանն է երկրում ապօրինությունների հիմնման և հետագա զարգացման: Մենք պետք է շատ արագ իրականացնենք հանրություն-քննչական մարմիններ նոր հարաբերությունների հաստատման գործընթացը, այդ գործընթացն արդեն սկսվել է: Ես տեղյակ եմ նաև, որ վերջին հինգ ամիսներին քննչական մարմինները շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում:
Ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունը թույլ տվեք արձանագրել, որ կապված է նաև այն իրողության հետ, որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ ՀՀ-ում որևէ քաղաքացի քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ այդ քաղաքացին չենթարկվի քրեական պատասխանատվության քաղաքական միջամտության հետևանքով: Եվ բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի պատասխանատվության քաղաքական կամ որևէ այլ միջամտության պատճառով»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ կա, այսպես ասած, բարիկադները կառուցելու ժամանակը և կա այդ բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: «Եվ ես համոզված եմ, որ մենք շատ կտրուկ ու հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակահատվածին: Եվ առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները հենց կլինեն այդ սահմանագիծը: Եվ ես ասեմ, թե ինչով է տարբերվում բարիկադները կառուցելու ժամանակը բարիկադներն ապամոնտաժելու ժամանակից:
Տարբերվում է նրանով, որ այս երկրորդ ժամանակաշրջանը, երբ բաժանարար բարիկադներ չկան, սա նշանակում է, որ կա բաց հրավեր ՀՀ բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ հատկություններ ունեցող մարդկանց ներգրավել Հայաստանի զարգացման, պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության հաստատման գործում: Ընդ որում, ես կարծում եմ, որ այսպիսի պոտենցիալ կա այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժելուց հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ և հայրենիքին ու պետությանը ծառայելու պատրաստակամություն, կհրավիրեն ծառայելու մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,- հավելեց վարչապետը: