Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին, Երևանում բացեց ՖՄԿ երկրների ԱԳ նախարարների նիստը
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երեւանում բացեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ԱԳ նախարարների նիստը:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կազմակերպության անդամներին միավորում է ոչ միայն ֆրանսերենը որպես շփման լեզու, այլեւ ընդհանուր արժեքները՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ընդհանուր հարթակ է համագործակցության զարգացման եւ համատեղ աշխատանքի համար: Միաժամանակ նախարարն հիշեցրեց, որ համագործակցությունը ենթադրում է ոչ միայն շփումներ կառավարության մակարդակով, այլեւս հասարակ քաղաքացիների: Նա նշեց, որ Երեւանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն ընդունում է իր հոբելյանի նախաշեմին:
Հայաստանի ԱԳ նախարարն իր ելույթի վերջում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 1-ին մահացած համաշխարհային հռչակ վայելող հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
Հիշեցնենք, որ ԱԳ ղեկավարների նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ին, իսկ հոկտեմբերի 11-12-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների ավելի քան 80 պատվիրակություններ: