Բրազիլիայում մեկնարկել են համընդհանուր ընտրությունները
Բրազիլիայի ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասերը. երկրի բնակիչներն այսօր կընտրեն նոր նախագահին, փոխնախագահին, Ազգային կոնգրեսի (խորհրդարան) կազմը, նահանգապետերի և փոխնահանգապետերի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բրազիլիայում քվեարկելու իրավունք ունի շուրջ 150 մլն քաղաքացի: Հիմնական ուշադրությունն ուղղված է, մասնավորապես երկրի ղեկավարի ընտրություններին:
Այդ պաշտոնի համար 13 թեկնածու է պայքարում, որոնցից առավել մեծ ճանաչում ունեցող հավակնորդների թվում են Սոցիալ-լիբերալ կուսակցության թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ, Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ Ֆերնանդու Ադադը, Դեմոկրատական աշխատավորական կուսակցության թեկնածու Սիրու Գոմեսը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժերալդու Ալկմինը և «կանաչների» թեկնածու Մարինա Սիլվան, որն ընտրություններին մասնակցում է երրորդ անգամ:
Եթե հոկտեմբերի 7-ի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, հոկտեմբերի 28-ին կկայանա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: