Արցախի Հանրապետության պետական նախարարը ընդունել է Հայկակ Արշամյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհաղթարավեն, ու կվերականգնվի բնականոն աշխատանքը:
Այդ հարցում Գ. Մարտիրոսյանը հայտնել է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի լիակատար աջակցությունը՝ նշելով, որ «Հայաստան» հիմնադրամի ներկայությունը Արցախում ամենուր է, եւ անգնահատելի է նրա դերը հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարձր աջակցության համար՝ Հ. Արշամյանը համոզմունք է հայտնել, որ բաց եւ թափանցիկ աշխատանքի շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ անվստահության մթնոլորտը շուտով կվերանա՝ նոր ընթացք հաղորդելով իրականացվող ծրագրերին:
Նրա խոսքով՝ Արցախում նոր աշխատատեղերի ապահովման եւ տնտեսության մեջ արդյունքի ավելացման նպատակով քննարկվում է նաեւ արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը: Պետնախարարը ողջունել է գաղափարը եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը այն ծրագրային տեսքի վերածելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց ընդլայնման եւ փոխհամագործակցության խորացման հետ կապված այլ հարցեր: