Պատրաստի մատուցված է այս գագաթաժողովը, խնդրում եմ շարունակեք այնպիսի որակով, ինչպիսին մենք հանձնել ենք. ՀՀԿ -ական պատգամավոր
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի քննարկումները ինչ-որ պահից դանդաղեցին՝ կապված իշխանափոխության գործընթացի հետ, բայց թող տպավորություն չստեղծվի, որ նոր իշխանությունը զրոյական կետից է սկսում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Այս գագաթաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին նախագահի, ԱԳ նախկին նախարարի, նախկին խորհրդարանի հսկայական ջանքերի արդյունքում է ձեւավորվել, նաեւ Շառլ Ազնավուրի մեծ ազդեցությունը, ներգրավվածությունը եղել է»,-ասաց նա ու դիմելով գործող իշխանություններին հավելեց. «Ձեզ պատրաստի մատուցված է այս գագաթաժողովը, դուք ընդամենը շարունակում եք, խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ եւ որակով, ինչպիսին մենք հանձնել ենք»:
Մարգարիտ Եսայանը նկատեց, որ այս գագաթաժողովից ի վեր, Հայաստանը դառնալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահող երկիր՝ դրանից բխող բոլոր պարտականություններով ու իրավունքներով. «Այս գագաթաժողովի ամենակարեւոր միջոցառումը տնտեսական գիտաժողովն է, որից մենք ակնկալում ենք ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական համագործակցություն»,-ընդգծեց նա:
Իր հերթին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օր հայտարարելը ավելի կարեւոր նշանակություն ունի այն առումով, որ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ գյուղերում մարդիկ նույնպես կարողանան մասնակցել այս կարեւոր միջոցառմանը, որոշակի ակտիվություն լինի, միջոցառումներ կազմակերպվեն նաեւ մարզերում, դրանով ցույց տալով, որ ոչ միայն Երեւանում խցանումներն են մեզ դրդում գնալ այս քայլին, այլ սրանով բարձր գնահատական է տրվում գագաթաժողովին, եւ Հայաստանը պատասխանատվությամբ երկու տարով վերցնում է այս կազմակերպության նախագահությունը: