ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ
Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»: Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում եմ նաեւ այլ դեպքերում եւս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն:
Մանավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարեւորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ: Վերջիններիս անվտանգությունը եւ պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթեւեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:
Դա հաշվի առնելով, օրենքում ավելացվում է պարբերություն, որ ոչ միայն տոների ու հիշատակի օրերի հետ կապված, այլեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ, կառավարությունը կարող է տեղափոխել աշխատանքային օրերը: