Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի հարթակը չքաղաքականացնելու և հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու հանձնարարականը
Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների: Այս մասին Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի, հայտարարել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նախարարությունից հայտնում են, որ նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանն իբր շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ Ա. Ղազարյանը փաստեց. «Ոորոշ պատվիրակներ շարունակում են քաղաքականցնել այս հարթակը, ինչպես որ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը»: Նա ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, ում գերակշիռ մեծամասնությւնը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում:
«Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,-ասաց ՄԾ պետը:
Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին, որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ-ի Ցեղասպանությունից հետո, եւ մենք կշարունակենք ընդունել նրանց`ջանքեր գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,-եզրափակեց նա: