Օլիմպիադա-2018. Հայաստանի թիմերի վերջին մրցակիցներն ու մրցաշարային դիրքերը
Բաթումիում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հոկտեմբերի 5-ին կկայանան վերջին՝ 11-րդ տուրի դիմակայությունները:
Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի թիմի հետ: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի թիմը կխաղա սև ֆիգուրներով:
Նախորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել էր ԱՄՆ-ի թիմին և 15 միավորով բաժանում է 6-12-րդ տեղերը: Գերմանացիները ևս ունեն 15 միավոր: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնք ունեն 17-ական միավոր: 3-5-րդ տեղերը բաժանում են 16-ական միավոր հավաքած Ֆրանսիան, Ռուսաստանն ու Լեհաստանը:
Կանանց Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն է Վրաստանի առաջին թիմը: 10-րդ տուրից հետո Հայաստանի թիմն ունի 16 միավոր և Ուկրաինայի ու ԱՄՆ-ի հավաքականների հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 17 միավոր վաստակած Չինաստանի թիմն է: