Ֆրանկոֆոնիան կամ 4 և ավելի պետություննների ղեկավարների այցելությունը որպես տո՞ն, թե՞ հիշատակ. կառավարություն (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում, երբ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը թույլ կտա կառավարությանը աշխատանքային օրերը տեղափոխել՝ կապված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց. «Ինձ մի բան է մտահոգում. սա տոների եւ հիշատակի օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան կամ 4 եւ ավելի պետություննների ղեկավարների այցելությունը դիտում ենք որպես տո՞ն, թե՞ հիշատակ, սա է խնդիրը»:
Նրա խոսքից հետո դահլիճը պայթեց ծիծաղից: Մասնավորապես, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ չէր կարողանում զսպել ծիծաղը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժպտալով նշեց. «Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն, ուրեմն վերնագրում էլ պետք է փոփոխություն կատարենք: Ճիշտ դիտարկում է: Экзамен для меня всегда праздник»:
Իր հերթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Համենայնդեպս 4 թիվն ինձ մի քիչ մտահոգում է, որովհետեւ դա որոշ չափով ցույց է տալիս մեր պետության կարողությունը: Մեր պետությունը ցույց է տվել, որ կարող է շատ հանգիստ ընդունել 4, 5, 6 պետությունների ղեկավարներ եւ երկրում բնականոն կյանքը նորմալ շարունակվի»: