Միքայել Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անտառային կոմիտեի նախագահի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանն ասաց, որ հրաժարականի դիմումը Միքայել Մանուկյանը ներկայացրել է հոկտեմբերի 3-ի առավոտյան:
«Քանի որ ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչել ՀՀ կառավարությունից, այդ տրամաբանության շրջանակներում էլ Միքայել Մանուկյանը հրաժարական է տվել»,-ասաց նա:
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մարտի 15-ին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով հոկտեմբերի 2-ին պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։