Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն. Արամ Սարգսյան
«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,– Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Պատգամավորի խոսքով՝ կուսակցություններից որևէ մեկը չի պնդել, թե գործող Ազգային ժողովն իր աշխատանքները պետք է շարունակի մինչև 2022 թվականը։ Ըստ Սարգսյանի՝ բոլորն էլ համաձայն են, որ ճգնաժամ կա, և որ այն պետք է լուծվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։
«Ժամկետների հարցում է, որ կողմերն ունեին տարբերություններ։ Վարչապետի համար այդ ժամանակը ինչքան շուտ, այնքան քաղաքական առումով և վտանգների առումով և երկրի առումով շատ ավելի նպատակահարմար է, բայց ինքը նաև հիմնավորում էր իր այդ ժամանակը դեկտեմբերի ամսին Ֆրանկոֆոնիայով, այդ համաժողովն անցկացնելով, որից հետո արդեն իր հրաժարականը ներկայացնելով, երկու անգամ Ազգային ժողովը մերժելուց հետո արտահերթ խորհրդարանականը դրվի, և դեկտեմբերին դա տեղի ունենա», – նշեց Սարգսյանը։
Պատգամավորը փոխանցեց նաև մյուս ուժերի մոտեցումները, ըստ որոնց՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ են պետք, և այդ փոփոխությունների համար ժամանակ է պետք։ Վարչապետը սրա շուրջ համաձայնել է զիջումների գնալ՝ պայմանով, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անցկացվեն դեկտեմբերին, ինչին մյուս ուժերը, ըստ Սարգսյանի, չեն համաձայնել։