ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են քննարկումներ վարել Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են ինտենսիվ քննարկումներ վարել կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցով: Այդ մասին ria.ru-ին ասել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայրաթ Աբդրախմանովը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:
«Այս հարցի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ շտաբ-բնակարանում՝ կառույցի մշտական խորհրդի մակարդակով: Վստահ ենք, որ կկայացվի բոլոր կողմերի համար ընդունելի և մեր կազմակերպության կանոնակարգին համապատասխան որոշում»,-ասել է արտգործնախարարը:
Պաշտոնյան հավելել է, որ այս ուղղությամբ տարվող քրտնաջան ու ինտենսիվ աշխատանքը թույլ կտա խուսափել ինչպես ՀԱՊԿ քարտուղարության, այնպես էլ ամբողջ կառույցի բնականոն աշխատանքային գործընթացի համար բացասական հետևանքներից:
«Վստահ եմ, որ ստեղծված իրավիճակը որևէ բացասական հետևանք չի ունենա ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար»,-ասել է նա: