«Ելքի» պատգամավորներն առաջարկում են ժամը 9:00-23:00-ն քաղաքացիներին թույլ տալ ազատ մուտք գործել ԱԺ հարակից այգի
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց ԱԺ հարակից այգու դռները ևս բացել քաղաքացիների համար:
Նա տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգմավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի և իր անունից լիազորված է հայտարարել, որ իրենք հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ քննարկմանը ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով՝ ժամը 9-ից մինչև 23:00-ն ազատ ու անարգել մուտք գործել ԱԺ հարակից այգի:
«Որպեսզի նախաձեռնությունն ավելի ծանրակշիռ ուժ ներկայացնի, դիմում եմ բոլոր պատգամավորներին, որ եթե ցանկություն ունենան իրենց ստորագրությամբ հաստատել, որ միանում են այս նախաձեռնությանը, ապա մեր քարտուղարություն գան և ստորագրեն»,-ասաց նա:
Հովիկ Աղազարյանը պատմական էքսկուրս արեց, որ 91-ին, երբ ինքը պատգամավոր էր, որոշում կայացվեց, որ այգին քաղաքացիներին տրամադրվի որպես զբոսավայր:
Հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Եթե 91 թ-ին նման որոշում է եղել, ու մինչև հիմա չի իրականացվել, 91 թ-ին ՀՀԿ-ն մեղավոր չէր, գոնե դրանում ՀՀԿ-ին մի՛ մեղադրեք»,-ասաց նա: