Շառլ Ազնավուրը հավանաբար կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու Մոնֆոր լե Ամորի կոմունայում
Լեգենդար ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրը, հավանաբար, կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու Մոնֆոր լե Ամորի կոմունայում՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ Կոմունան գտնվում է Իվլին նահանգում։
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ հենց այնտեղ էր Ազնավուրն ուզում, որ իրեն հուղարկավորեն։ Մոնֆոր լե Ամորի կոմունայում է գտնվում երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր լինում ընտանիքի հետ միասին։
«Իմ հողը ֆրանսիական հողն է։ Մոնֆոր լե Ամորի կոմունայի XII դարի մենաստաններից մեկում ոչ մեծ ընտանեկան դամբարան կա»,- 2009թ․ Corse-Matin-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը։
Այդուհանդերձ, Europe1 ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը ներկայում քննարկում է Երևանում հոկտեմբերին հիշատակի արարողություն կազմակերպելու հարցը։ Դա կարող է տեղի ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նախատեսվում էր, որ Ազնավուրն էլ այդ օրերին նրա հետ կայցելի Երևան։
Աշխարհահռչակ երգչի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել առաջատար քաղաքական գործիչները։ Մասնավորապես, խորը ափսոսանք է հայտնել Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն։ Ազնավուրը «ֆրանսիական երժշտության իսկական սրբապատկեր էր»։ Քաղաքապետն առաջարկել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղ ընտրել՝ Ազնավուրի անվամբ անվանակոչելու համար։