Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի միջև հանդիպումը ծրագրավորված է. Աշոտյան
Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի միջև հանդիպումը ծրագրավորված է, այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Կոնկրետ ժամի և տեղի հետ կապված չեմ կարող տեղեկատավություն հաղորդել։ Որեւէ արտառոց բան այդ հանդիպման մեջ չեմ տեսնում։ Քաղաքական օրակարգը կարծում եմ, պետք է բաց լինի, բացի այն հարցից, որ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք հետաքրքրում են նաեւ մեզ, դժվար է այս պահին ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հանդիպման ժամանակը կբաշխվի այդ հարցերի քննարկման ժամանակ։
Բոլոր դեպքերում կարեւոր է, որ քաղաքական օրակարգը 3 կարեւոր սկզբունքների հիման վրա խարսխված լինի՝ առաջինը սահմանադրականություն, երկրորդը՝ Հայաստանի ներքին կայունություն, երրորդը՝ Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդում։ Այս 3 գերակայություններն են, կարծում եմ, յուրաքանչյուր պետական այրի համար կարեւոր՝ անկախ քաղաքական տարբերություններից, որոնք կարող են անգամ սկզբունքային լինել։ Մեր հարցերն ամեն դեպքում կբխեն այն 3 սկզբունքներից, որոնց մասին ես խոսեցի»,– ասաց նա։
Աշոտյանը կարեւորեց անմիջական հանդիպումները, այլ ոչ թե հեռակա երկխոսությունները։
«Շատ կարեւոր եմ համարում, որ քաղաքական ուժերը միմյանց հետ խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով ֆեյսբուքից, մամուլից, այլ խոսեն նաեւ անձամբ, տետատետ։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք հրապարակային դաշտում, ես գրառում եմ կատարում ֆեյսբուքում, վարչապետն էլ կիրակի օրը լրագրողի հարցով պատասխանում է դրան, կարծում եմ՝ դա երկխոսության ձեւ է, բայց ամենաարդյունավետը չէ, քանի որ այդ ձեւի մեջ գերակայում է քաղաքական շահերի, քան քաղաքական արժեքների դիրքերը։ Բուն քաղաքական երկխոսությունը պահանջում է քաղաքական արժեքների գերակայություն»,–ասաց նա։
Արմեն Աշոտյանը չցանկացավ իր կարծիքը հայտնել՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված։