ԱԺ քննիչ հանձնաժողով պարտավոր են ներկայանալ և պարզաբանումներ ներկայացնել ոչ միայն պաշտոնատար անձինք, այլև նախկին պաշտոնյաները
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պարտավոր են ներկայանալ եւ պարզաբանումներ ներկայացնել ոչ միայն պաշտոնատար անձինք, այլեւ նրանք, որոնք եղել են պաշտոնյա, սակայն տվյալ պահին այլեւս պաշտոնյա չեն:
Օրինագիծը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր գործող կարգավորումներով Քննիչ հանձնաժողով ներկայանալը եւ պարզաբանումներ ներկայացնելը նախկին պաշտոնյաների համար իրավունք է, ոչ թե պարտականություն:
Իր հերթին հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մենք չգիտենք, թե վաղը ինչ հարցեր կարող են ԱԺ քննիչ հանձնաժողովի ուշադրության առարկան դառնալ, հայտնվել հանձնաժողովի վարույթում: Տեսականորեն չի բացառվում, որ մի շատ կարեւոր տեղեկատվություն ունեցող պաշտոնատար անձ ընդամենը նրա համար, որ այդ տեղեկությունը հանձնաժողովին հայտնելը նրա պարտականությունը չլինի այլ դառնա իրավունքը, կարող է գնալ ինքնակամ պաշտոնանկության: Որպեսզի պաշտոնազրկվելով նա չկարողանա խուսափել հանձնաժողով ներկայանալու, հարցերին պատասխանելու, պարզաբանումներ տալու պարտականությունից, դրա համար մենք ապահովագրում ենք նման ռիսկը»:
Հանձնաժողովում նաեւ հստակեցվեց, որ այս փոփոխությունը վերաբվերում է միայն այն անձանց, որոնք Քննիչ հանձնաժողովի կողմից հետաքրքրության ներկայացնելուց հետո կարող են պաշտոնաթող լինել, ոչ թե բոլոր այն անձանց վրա, որոնք երբեւէ պաշտոն են զբաղեցրել:
Օրինագիծը առանց դեմ ձայները հավանության արժանացավ: