Հայաստանում 25%-ով մեծացվում է ռազմական բյուջեն
Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն, պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։
Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018 թվականի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցեցին $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։ Ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին կհատկացվի 42,8 մլրդ դրամ։