Զոհրապ Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման ջանքերը
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարարները նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում արտգործնախարարները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգին և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչպես նաև զբոսաշրջության, մշակութային, գիտակրթական, նորարարական ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը՝ այդ թվում միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման միջոցով:
Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ:
Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը։