Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակած ուրցաձորցիները համաձայնեցին 1 ժամով բացել ճանապարհը
Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:
Այդ պահանջով նրանք այս պահին փակել են ճանապարհը Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանց մոտեցավ Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, հորդորեց գոնե մեկ ժամով ճանապարհը բացել, որպեսզի կուտակումը բեռնաթափվի, այդ ընթացքում կբանակցեն գյուղապետի հետ՝ հասկանալու նրա մոտեցումները:
Նրանք առանձին գյուղապետ են պահանջում՝ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը», «Ձեռքերդ հեռու Շաղատից, Ռաֆիկ Անդրեասյան», «Վերջ թալանին» պաստառներով։ Բնակիչները հայտարարում են, որ իրենք չենք ուզում, որ իրեն երեխաները գան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։
Արդյունքում, նրանք եկան եզրահանգման, որ այս պահին բացում են ճանապարհը, ապա, եթե համայնքապետը համաձայնության չգա, կփակեն ճանապարհը մինչև լույս:
Բնակիչների խոսքով՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է «անձնական օգտագործման» տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։