Այնպես չի, որ հաջորդ տարի բոլոր խնդիրները լուծված կլինեն և մենք Սևանից ջուր չենք վերցնի. Ինեսսա Գաբայան
Բոլորին նպատակն էլ Սեւանա լիճը փակելն է, այնտեղից ջուր չվերցնելը, բայց դրանից առաջ բազմաիթվ խնդիրներ ունենք լուծելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:
Նրա խոսքով, խոսքը ջուրը ամբարելու, կորուստները նվազեցնելու, նաեւ ջրի ճիշտ կառավարելու մասին է:
Գաբայանը նշեց, որ մեկ խմ ջրի համար 11 դրամը չնչին գումար է բոլոր ծախսերը կատարելու, ոռոգման համակարգերը պահպանելու համար:
Գաբայանի խոսքով, այս տարի Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառից դեռ ծախսվել է 27,42 մլն խմ ջուր. «Շատ խնայողաբար է օգտագործվել, բոլոր այն տարածքները, որոնք պետք է ոռոգվեին, ոռոգվել են»:
Ինեսսա Գաբայանը ներկաներին կոչ արեց պատրաստ լինել հաջորդ տարի եւս «մարսելու» այն միտքը, որ կարող է Սեւանա լճից լրացուցիչ ջրառ կատարվել։
«Ես պատրաստ չեմ պոպուլիստական հայտարարություններ անելու: Այնպես չի, որ հաջորդ տարի բոլոր խնդիրները լուծված կլինեն եւ մենք Սեւանից ջուր չենք վերցնի: Վերցնելու ենք, բայց պետք է այնպես կազմակերպենք, որ ինչպես այս տարի, հնարավորինս քիչ դիմենք Սեւանին: Ես ինքս կուզեմ, որ լրացուցիչ ջրառ չլինի, բայց պետք է իրատես լինել»,-ասաց նա: