«Արցախի հերոս» կոչումը միայն հետմահու շնորհելու նախաձեռնությամբ է հանես եկել Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը
Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
Հարցն ավելի բարոյական հարթությունում է՝ նշել է պատգամավորը. «Ինձ են դիմել բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ կոչումը ստացած այս կամ այն անհատի ունեցած արժանիքների հանդեպ: Թե ինչքանով են նրանք իրավացի, դա է հանրային կարծիքը, և մենք պետք է ընդունելի որոշում կայացնենք: Այս ծանր պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա, քանի որ 90-ականներին, երբ ընդունվել է այդ օրենքը, ես էի ղեկավարում Խորհրդարանը»։
Նա հստակեցրել է, որ առաջարկում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը այսուհետ շնորհել միայն հետմահու:
Թովմասյանի խոսքով՝ այս առումով շատ լավ փորձ ունի Իսրայելը, որտեղ դեռևս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, և իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի:
«Ես ևս կիսում եմ այդ հեղինակավոր տեսակետը և գտնում եմ, որ Արցախի հերոսի կոչմանն արժանի են ամբողջ Արցախի ժողովուրդը և մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր պատերազմի ամենածանր տարիներին գտնվել են Արցախում»,–ասել է Թովմասյանը՝ ընդգծելով, որ այս հարցում էական նշանակություն կունենան նաև հանրային քննարկումները:
Հարցին՝ որն է մարդուն կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու մտավախությունը, Թովմասյանն ասել է, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրած չեն: