Նախարար Պապիկյանն այցելել է Արմավիրի բամբակի դաշտեր ու ջայլամաբուծարան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք եւ ծանոթացել «Բամբակի մշակման եւ վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների եւ հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի եւ անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։
Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաեւ Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։
Այնուհետեւ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն, որը հիմնադրվել է դեռ 2008թ․։ 2017թ․ վերջին 500 ջայլամ ունեցող ֆերման սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ: Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է ներքին եւ արտաքին շուկայում ջայլամի մսի սպառման հնարավորություններով ու հեռանկարով։ Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս իրականացվում է բաստուրմայի, սուջուխի եւ ղաուրմայի արտադրություն, սակայն արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում։ Այդուհանդերձ քայլեր են ձեռնարկվում գործունեության ընդլայնման՝ մասնավորապես, մսամթերքի արտահանման, կաշվի եւ փետուրների վերամշակման ուղղությամբ: