Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագիծը
Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագիծը: Մինչ օրինագծի ընդունումը ՌԴ Պետական դումայի ստորին պալատը միաձայն հավանություն էր տվել ՌԴ նախագահի կողմից կատարված 9 փոփոխություններին:
Պետդումայի՝ աշխատանքի հարցով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի խոսքերով՝ օրինագծի երրորդ ընթերցումը կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 27-ին:
Հուլիսին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որը նախատեսում էր աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքը, ըստ որի, տղամարդիկ պետք է թոշակի անցնեին 65, իսկ կանայք՝ 63 տարեկանում: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի վերջին որոշ քայլեր էր ձեռնարկել, որոնք պետք է մեղմացնեին նախատեսվող փոփոխությունները: Մասնավորապես, նախագահի առաջարկով կանայք թոշակի կանցնեն 60 տարեկանում՝ նախատեսվող 63-ի փոխարեն: Ներկայումս Ռուսաստանում տղամարդիկ թոշակի են գնում 60, կանայք՝ 55 տարեկանում:
Չնայած ՌԴ նախագահը բացատրել էր կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, Ռուսաստանում օրինագծի ընդունման դեմ սկսված բողոքի ալիքը չի դադարում: